Interview with Vicken and Raffi Tarkhanians, Architects

Ի՞նչը Ձեզ ուղղորդեց մասնագիտության ընտրության հարցում: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք ճարտարապետի մասնագիտությունը:

Րաֆֆի Թարխանյան – Սկզբում Վիգենն է սկսել ճարտարապետություն ուսանել, և մի քանի տարիների ընթացում տեսնելով իր աշխատանքը՝ ես ևս որոշեցի մասնակցել այդ աշխատանքներին և ընտրեցի երկրորդ մասնագիտությունս՝  ինտերիեր դիզայն : Նպատակ ունեինք միավորել այդ երկուսն ու միասնաբար մեր ծրագրերը զարգացնել և ավելի հետաքրքիր աշխատանքներ ստեղծել:

Վիգեն Թարխանյան – Ավելացնեմ, որ մեր պապը շինարար էր, և մենք մանկուց լսել ենք, թե ինչպես է պետք շենքերը կառուցել: Դեռ մանկուց միշտ շենքեր էի գծում և դպրոցում գծագրություն առարկայից բարձր գնահատականներ ստանում:

Րաֆֆի Թարխանյան – Ես էլ հիշում եմ, որ երբ Վիգենը համալսարան ընդունվեց, ջրաներկով գծում էր և պատկերացում ուներ: Այսպես նա սկսեց ուսանել ճարտարապետություն:

Վիգեն Թարխանյան – Րաֆֆին էլ միշտ տեսնում էր իմ աշխատանքը, օգնում էր ինձ դպրոցական տարիներին:

Րաֆֆի Թարխանյան – Առավոտյան արթնանում էի, տեսնում էի, որ գիշերը աշխատել է և օգնում էի իրեն:

Վիգեն Թարխանյան – Այսպես, տեսնելով գծագրելու և հետազոտությունների այս գործընթացը՝ 7-8 տարի անց, որոշեց շարունակել:

Րաֆֆի Թարխանյան - Այո, Վիգենը 7 տարի ճարտարապետություն է ուսանել Լիբանանի Ալբա համալսարանում: Մեզ մոտ 7 տարի է ճարտարապետության ուսման տևողությունը, իսկ ինտերիեր դիզայնը՝ 5 տարի: Այսպիսով, ավարտեցինք և միասնաբար ընկերություն ստեղծեցինք ու սկսեցինք մեր գործունեությունը:

 

Ինչպե՞ս է ստացվում երկու եղբայրների համագործակցությունը:

Վիգեն Թարխանյան – Այս հարցը հաճախ են մեզ տալիս: Շատ են հարցնում, թե ինչպես ենք միասնաբար, առանց խռովությունների աշխատում նույն ընկերությունում:

Րաֆֆի Թարխանյան – Մեր բարեկամները (մենք հաճախորդ չենք ասում իրենց, հաճախորդի աչքով չենք նայում) շատ են զարմանում՝ լսելով, որ եղբայրներ ենք: Նրանց հետաքրքիր է այս կերպ աշխատելու նման փորձ ունենալ: Շատ լավ բան է միասնությունը, հատկապես այս բնագավառում, երբ երկու մասնագիտություններն այսքան սերտաճած են: Ես չեմ կարող ասել, որ չեմ հասկանում ճարտարապետությունից, կամ Վիգենը ինտերիերից: Կան զուտ ճարտարապետական նկատառումներ, որ ես անում եմ, կամ հակառակը՝ Վիգենն ինտերիերի դետալների վերաբերյալ նկատառումներ է անում:  Եվ սա շատ բնական հունով է եղել, մենք նախապես չենք որոշել:

Վիգեն Թարխանյան – Այո՛, ո՛չ հաշվարկում ենք, ո՛չ մտածում: Ամեն ինչ բնական հունով է լինում: Իհարկե, շատ ենք քննարկումներ ունենում՝ գաղափարների առումով, սակայն միայն կառուցողական ընթացքով:

 

Ինչպե՞ս է ստացվել, որ ապրում և ստեղծագործում եք Լիբանանում:

Րաֆֆի Թարխանյան – Լիբանանը մեր ծննդավայրն է: Մենք այնտեղ ենք ծնվել, մեծացել և ամեն ինչ այնտեղ ենք տեսել և սովորել: Այդ միջավայրում ենք մեծացել, դպրոցական և համալսարանական ուսում ստացել: Լիբանանը բազմազգ երկիր է, մեծ փորձ ունեցող, հատկապես մշակույթի տեսանկյունից: Բեյրութում են գտնվել աշխարհում առաջին համալսարանները, որոնք հիմնվել են 2000 տարի առաջ: Լիբանանը մշակութային և մեծ ներուժ ունեցող երկիր է: Մանկուց ստացած մեր կրթությունը թույլ է տվել օգտվել մի քանի տեսակ միջավայրից և զարգանալ:

Վիգեն Թարխանյան – Մեր դպրոցներում 4 լեզու են ուսանում՝ հայերեն, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն: Այս 4 լեզուների և մշակույթների միությունը շատ մեծ հնարավորություններ է տալիս:

Րաֆֆի Թարխանյան – Ընդհանրապես հայ աշակերտները տեղի համալսարաններում գրեթե միշտ առաջնային դիրքերում են: Այսինքն, կարելի է ասել, որ հայը ուր էլ լինի, միշտ իր մեջ մարտահրավեր ունի, որը փաստում է, որ նա տարբերվում է և ձգտում լավագույնը լինել բոլոր բնագավառերում:

 

Իսկ արմատներով Արևմտյան Հայաստանի՞ց եք:

Վիգեն Թարխանյան – Այո՛, իմ հայրական կողմը Ուրֆայից է եղել, իսկ մայրական կողմը՝ Մուշից: Ջարդի ժամանակ մեր պապերը շատ մեծ չարչարանքներով և կորուստներով Բեյրութ են եկել և մեր ծնողները Լիբանանում են ծնվել: Հիմա եկել ենք Հայաստան մեր հայրենիքը տեսնելու և թերևս մի օր կվերադառնանք հիմնովին:

 

Մի փոքր նախագծերից խոսենք: Կառանձնացնե՞ք Ձեր իրականացրած նախագծերից ամենանշանակալին:

Րաֆֆի Թարխանյան – Մեզ համար բոլոր նախագծերն են արժեքավոր: Մեր առավելությունն աշխատանքում այն է, որ բոլոր նախագծերը, անկախ ծավալից, նույն կշիռն ունեն: Բայց բաներ կան, որ ավելի շատ ջանք ենք գործադրում, ավելի շատ ենք էներգիա ներդնում:

Վիգեն Թարխանյան – Թերևս, վերջերս հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացված երկու նախագծերը՝ Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիկիան» թանգարանը /Բիբլոս/ և Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձան-մատուռը /Անթիլիաս/ ամենանշանավորն էին՝ զգացմունքային առումով:

Րաֆֆի Թարխանյան – Այս նախագիծը փոքր միտք էր, բայց մենք ուզեցինք մինչև վերջ տանել այդ միտքը և ապրել այդ պատմության հետ՝ որբերի պատմության հետ: Չիմանալով, որ այս նախագիծը շատ ավելի առաջադեմ նախագծման արդյունք պետք է ունենա՝ մղվեցինք առաջ, և այն շատ հաջող ավարտ ունեցավ, և կապվեցինք իրեն: Նույնիսկ այժմ, երբ ամեն անգամ այցելում ենք թանգարան, այնպիսի զգացում է, որ առաջին անգամ ենք այնտեղ:

Վիգեն Թարխանյան – Թանգարանի այցելուները ևս ստանում են այդ զգացումը:

Րաֆֆի Թարխանյան – Մենք կարողացանք այնպես անել, որ, այդ զգացողությունները շարունակաբար այնտեղ մնան: Այս նախագծում մեզ համար ամենադժվարն այն էր, որ կարողանայինք մարդկանց զգացողությանը դիպչել, և դա դիզայնի վերածել: Այսինքն՝ դիզայնից զգացողություն, որպեսզի տարածքը մարդկանց մեջ թրթիռ առաջացներ, հիշողություններ արթնացներ՝ քիչ տեղեկություններ տալով՝ թե՛ երաժշտության, թե՛ կարդալու և թե՛ տեսքի միջոցով: Պարզ բան է, բայց դիպչում է մարդու զգացողությանը: Սա մի նոր մակարդակ է, որի վրա դեռ պետք է ավելի աշխատենք, որովհետև ճարտարապետության մեջ շատ դժվար է զգայական աշխարհն արթնացնել: Այս առումով կարող ենք ասել, որ մեզ համար ամենաարժեքավոր և ամենաառաջադեմ նախագիծը այդ թանգարանի նախագիծն է:

 

Մենք գիտենք, որ սա ցեղասպանությանը վերաբերող առաջին թանգարանն է սփյուռքում: Ինչպե՞ս ստացվեց, որ հենց դուք ստանձնեցիք այս թանգարանի նախագծումը:

Վիգեն Թարխանյան – Նախքան թանգարանի առաջարկը ստանալը Անթիլիասի կաթողիկոսարանից Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձան-մատուռ նախագծելու առաջարկ ստացանք, և մի քանի ամիս հետո առաջարկ եղավ, որ պետք է նախագծենք նաև այդ որբերի թանգարանի նորոգումը:

 

Այսինքն կարելի է՞ ասել, որ առաջին համագործակցությունից հետո ցանկություն է առաջացել ձեզ հետ շարունակելու աշխատանքը:

Րաֆֆի Թարխանյան – առաջին համագործակցությունը Կաթողիկոսարանի հետ սկսվել է 15 տարի առաջ: Այն ժամանակ մենք ստանձնեցինք Կաթողիկոսարանի գրադարանի և մայր տաճարի վերանորոգումը և ամեն տարի ինչ-որ զարգացումներ էին լինում այնտեղ և մեզ էին հրավիրում որպես ճարտարապետ և դիզայներ:

Վիգեն Թարխանյան – Մենք բախտ ունեցանք, որ առանց որևէ մրցույթի մեզ վստահեցին այս երկու նախագծերը,  որ այսպիսի պատմական նախագծերով հետք թողեցինք հայկական մշակույթի մեջ:

Րաֆֆի Թարխանյան – Այո՛, ուզում ենք նշել, որ այս պատմական հետք թողնելու հետաքրքիր հնարավորությունը, միտքը, ոգեշնչանքը մեզ տվել է Արամ առաջին կաթողիկոսը, ով ուղղակիորեն մեզ դիմեց: Այդ ծրագիրը իրականացնելու համար Արամ կաթողիկոսը մեծ ներդրում ունի: Նա մեզ տրամադրել է բոլոր տվյալները, որոնք մենք օգտագործել ենք: Իհարկե, շատ կարևոր էին մեզ հետ աշխատող անձնակազմի ջանքերը, բայց հիմնական կապը երեք կողմի միջև էր՝ Վեհափառը, նախագծի բարերար Ալեքո Պեզիկյանը և մենք: Այս եռամիսանական աշխատանքի շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակում այսպիսի նախագիծ ունենալ սփյուռքում:

Վիգեն Թարխանյան – Գաղափարը 3 տարի առաջ է ծնվել և մենք 2 տարում ամբողջ նախագիծը պատրաստեցինք:

Րաֆֆի Թարխանյան – Եվ սա մեր վերջին, այսպես կոչված, «աստղային» աշխատանքը չէ: Մենք շատ այլ մտքեր ու ծրագրեր ունենք: Այս թանգարանի նախագծի վրա աշխատելու ընթացքում նորանոր մտքեր առաջացան, որոնք պահել ենք և փորձում ենք զարգացնել, որպեսզի շարունակենք մեր առաքելությունն այս ասպարեզում:

 

Այս տարի առաջին անգամ էր, որ Հայաստանում էիք ապրիլի 24-ին և Ձեր հարգանքի տուրքը մատուցեցիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:

Վիգեն Թարխանյան  - Ամենամեծ զգացողությունն այն էր, որ ժողովրդի այդ բարձրացող հոսքի մեջ մենք մեզ զգում էինք ինչպես մեկ միասնություն: Այսինքն՝ առանձին անձիք, անհատներ չեն, այլ մեկ ժողովուրդ է բարձրանում և անմար կրակի շուրջ այդ ծաղիկը խոնարհելով՝ իր հարգանքի տուրքն է մատուցում նահատակների հիշատակին:  

Րաֆֆի Թարխանյան – Այսինքն, այս միասնությունը, որ առանց աղմուկ անելու մեկ անձի նման շարժվում է, արդեն մեծ ուժ է, որը մենք և՛ Բեյրութում ենք տեսել, և՛ այստեղ տեսանք: Այդ խոնարհությունը, հարգանքը նահատակների հիշատակի նկատմամբ, մեծ բան է: Մենք այստեղ Լիբանանի մամուլից լրագրող հյուրեր ունեինք, ովքեր հիացած էին, որովհետև լսել էին, որ հարգանքի տուրքը միայն Լիբանանում է անցկացվում և տեսան, որ այստեղ էլ նույնն է: Շատ նոր բաներ ենք տեսնում, և մեզ համար նորություն էր գալ այստեղ և ականատես լինել ու շոշափել այս ամենը:

Վիգեն Թարխանյան – Միայն ուզում եմ ավելացնել, որ երբ մենք Լիբանանում կառուցեցինք նահատակների հուշարձան-մատուռը, այնտեղ նահատակների աճյուններ կային, որոնք 30-ական թվականներին Դեր-Զորից էին տեղափոխվել: Ես և Րաֆֆին արտոնություն ունեցանք մեր ձեռքերով մոտավորապես 7 ժամ շարել բարբարոսության վկա հանդիսացող այդ մասունքները, որ ցուցադրենք օտարներին: Մենք մեր ձեռքերով շոշափեցինք և զգացինք այդ մարդկանց չարչարանքները, որոնք անցյալ տարի սրբերի շարքին դասվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Դա էլ ենք առավելություն համարում, որ բարձրացանք հուշահամալիր և մեր հարգանքի տուրքը մատուցեցինք այդ նահատակներին: 

Րաֆֆի Թարխանյան – Այս երկու ծրագրերը մեզ համար շատ մեծ պատասխանատվություն եղան: Ինչո՞ւ ենք միշտ այս երկու ծրագրերի մասին խոսում: Որովհետև  շատ հազվադեպ է պատահում, որ որևէ ճարտարապետ առիթ ունենա նման նախագծերում աշխատել: Եվ սա մենք որպես պատգամ ենք ընդունում, որ շարունակենք և հետագայում ավելի լուրջ ծրագրեր իրականացնենք: Միայն կարող ենք ասել, որ երկուսիս համար էլ սա մեծ պատասխանատվություն էր և շատ մեծ նշանակություն ունի:

 

Անցած հոկտեմբերին մասնակցեցիք Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովին: Ի՞նչ տվեց Ձեզ համաժողովը: Ի՞նչ տպավորություններ ստացաք համաժողովից:

Րաֆֆի Թարխանյան – Շատ հետաքրքիր էր այդ ցանցը, սփյուռքի և տեղացի հայ ճարտարապետների մտքի և փորձի փոխանակությունը:

Վիգեն Թարխանյան - Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է միասնաբար աշխատել, այսինքն, օրինակ, նոր սերնդի ճարտարապետները արդյո՞ք պետք է սփյուռքից գան և հաստատվեն Հայաստանում, թե այստեղից արտերկիր տանեն Հայաստանի փորձը: Սա երկար տարիների գործ է, և շատ գաղափարներ կան:

Րաֆֆի Թարխանյան – Շատ լավ էր կազմակերպված և մասնակիցներն էլ շատ էին և տարբեր երկրներից, որոնցից յուրաքանչյուրը տարբեր փորձով էր եկել և այդ փորձը մեկս մյուսին փոխանցելու հնարավորություն ունեցանք, մեր մտքերը փոխանցեցինք մեր բարեկամությունը գործի վերածելու և ավելի արդյունավետ դարձնելու թե´ հայրենիքում, և թե´ արտերկում: Բավականին կապեր դրա համար արդեն ստեղծված են:

Վիգեն Թարխանյան – Մենք կրկին ուզում ենք շնորհակալություն հայտնել Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյաններին, ովքեր իրենց ջանքերով կազմակերպում են ընկերակցության աշխատանքը և ՀՀ սփյուռքի նախարարությանը, տիկին Հակոբյանին՝ սփյուռքի հետ բոլոր բնագավառներում կապը պահելու մոտիվացիայի համար:

Րաֆֆի Թարխանյան – Մենք սա սեփական փորձով զգացինք, ինչպես նաև լսում ենք սփյուռքի կազմակերպություններից, ճարտարապետներից կամ այլ մասնագետներից:

 

Համաժողովի արդյունքում ստեղծվեցին Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության (ՃՃՀԱ) 11 մասնաճյուղեր տարբեր երկրներում: Դուք ընտրվեցիք որպես Լիբանանի ՃՃՀԱ մասնաճյուղի համակարգողներ: Ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը /vision/ այս առումով:

Րաֆֆի Թարխանյան – Այո: Լիբանանի ճարտարապետների հետ բավականին կապեր կան, սակայն իրենց հարկավոր է որևէ գրավիչ բան ներկայացնել, այսինքն հարկավոր է ցույց տալ, թե  ինչ կտա իրենց ՃՃՀԱ անդամակցությունը և ինչպես պետք է անդրադառնա իրենց մասնակցությունը Հայաստանում: Պետք է այնտեղ համաժողով կամ սեմինար կազմակերպել, որպեսզի մարդիկ սկսեն հետաքրքրվել և ցանկություն ունենան:

Վիգեն Թարխանյան – Կարևոր է այնպիսի գործունեություն ծավալել, որ փոխշահավետ լինի թե´ Հայաստանի և թե´ սփյուռքի հայ ճարտարապետների համար: Հարկավոր է ոչ միայն համաժողովներ անցկացնել, այլ մեր մոտեցումը պետք է արդյունք ունենա:

Րաֆֆի Թարխանյան – Միայն թե որոշ ժամանակ է հարկավոր դրա համար, քանի որ ինչպես գիտեք մտահոգություններ կան հատկապես Միջին Արևելքում՝ կապված Սիրիայում, Լիբանանում և Հայաստանում պատերազմական լարված իրավիճակների հետ: Մարդիկ մտքեր ու մոտիվացիա ունեն, սակայն ասում են դեռ պետք է սպասել: Այս պատճառով կապերը շատ արագ չեն ստեղծվում, բայց ընթացքն արդեն սկսվել է: Մարդկանց չենք կարող ստիպել, բայց կարևոր է, որ նրանք համոզվեն այս գաղափարների ճշմարտացիություն մեջ: Սա ժամանակ է պահանջում: Մենք համոզվել ենք և վկայում ենք դրա մասին, որ աշխատանք է արվել, որը արդյունքներ ունի:

 

Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ անել Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման ուղղությամբ:

Րաֆֆի Թարխանյան – Մենք շատ լավ գաղափարներ ունենք, բայց կցանկանայինք դեռ գաղտնի պահել, որպեսզի անակնկալ լինի: Շատ լավ նախագծեր ունենք թե´ մշակութային և թե´ ազգային տեսանկյունից: Իսկ սփյուռքի հետ շատ զորավոր կապ կա արդեն, բայց շփումը և ներկայությունը շատ կարևոր է: Պետք չէ դրսից ցույց տալ, որ հայրենիքի հետ ես: Շատ կարևոր է այստեղ գտնվելն ու ամեն ինչ զգալը:

Վիգեն Թարխանյան – Այո, անհրաժեշտ է տարին մի քանի անգամ այցելել, որպեսզի զգալի լինի այդ կարոտը և մոտիկից դիտել այստեղ ընթացող աշխատանքները: Դրսից ամեն ինչ այլ կերպ է հասնում: Պետք է այստեղ լինել, որպեսզի կարողանաս ապրել և զգալ: Այդ պատճառով, իմ ու Րաֆֆիի այս վերջին այցելությունը մոտավորապես երկու շաբաթ նախատեսեցինք: Նախորդ անգամ 10 օրով էինք այցելել, այժմ 15, հաջորդ անգամ չգիտենք ինչքան կլինի: Եվ զգում ենք, որ շատ կարևոր են այս այցերը և յուրաքանչյուր անգամ ավելի ենք կապվում և ավելի լավ ենք հասկանում: Ամեն երկիր իր լավ և վատ կողմերն ունի, բայց հարկավոր է միշտ դեպի դրականը տանել և մտածել, թե ինչ է պետք անել, որպեսզի վատ կողմը փոխել դեպի լավը:

Րաֆֆի Թարխանյան – Եվ ամենակարևորը թափանցիկ կապն է, որ ստեղծվում է Հայաստանի հետ, օրինակ ընկերակցության հետ: Ինչքան մաքուր լինի սփյուռքի հետ կապը, այնքան շուտ արդյունքներ կունենանք և նախագծեր կիրականացվեն: Հարկավոր է ուղիղ կապ ունենալ:

 

Ձեր այցի ընթացքում վստահաբար այցելություններ եք ունեցել տարբեր վայրեր և ուսումնասիրել եք հայաստանյան ճարտարապետությունը: Ինչպե՞ս եք գնահատում մերօրյա հայաստանյան ճարտարապետությունը: Ըստ Ձեզ ինչպիսի՞ բացթողումներ կամ ձեռքբերումներ կան այսօր ճարտարապետության ոլորտում:

Վիգեն Թարխանյան – Մեր այցի հենց առաջին օրվանից արդեն սկսվեցին հրավերները մեր նոր բարեկամների կողմից, թե՛ աշխատանքային և թե՛ ուղղակի շփման, նույնիսկ մեր հարազատներին չկարողացանք ժամանակ տրամադրել: Ժամանակը քիչ էր և կարողացանք ընդամենը մի քանի տեղեր այցելել՝ քաղաքներ, եկեղեցիներ: Անցյալ անգամ միայն մի քանի ժամով Գյումրիում եղանք: Շատ տպավորիչ էր: Երկրորդ քաղաքը, որ այցելեցինք, Էջմիածինն էր, որը նույնպես շատ տպավորիչ էր: Այնտեղ ուժ էինք զգում, որը ձգում էր և, երբ տեսնում ես ծնկի եկող մարդկանց դու էլ ես ծնկի գալիս: Շատ խորհրդավոր էր: Իսկ Երևանում ամիսներ են պետք, կամ նույնիսկ տարիներ, որ այս քաղաքի գեղեցկությունը զգալու համար:

Րաֆֆի Թարխանյան – Թանգարանների շարք կա, որ չհասցրեցինք այցելել: Հաջորդ անգամ պետք է այցելենք:

Վիգեն Թարխանյան – Մեր ցուցակն ամեն անգամ ավելանում է և 1-2 էջը արդեն 5-6 էջ է դարձել:

 

Նախորդ այցի և այս այցի միջև ինչ-որ տարբերություն զգացի՞ք: Արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է Երևանում:

Վիգեն Թարխանյան – Անշուշտ, միայն դեպի լավն է փոխվում: Իհարկե խնդիր կա, գիտենք վերջին դեպքերը Արցախում, որն իհարկե ազդում է: Բոլորն էլ մտահոգ են Հայաստանում: Չնայած դրան, պատերազմից մի քանի օր անց մենք եկանք:

Րաֆֆի Թարխանյան – Մենք այցի համար արդեն ամեն ինչ պատրաստել էին և ոչ մի օր նույնիսկ չենք կասկածել, որ պետք է հետաձգել: Մենք նպատակ ունեինք և ամեն դեպքում պետք է գայինք:

Վիգեն Թարխանյան – Մեզ շատ էին զգուշացնում, որ զգույշ լինենք, քանի որ պատերազմ է, բայց մեզ համար դա երկրորդական էր: Մենք ասացինք, որ ինչ էլ պատահի, այնտեղ բարեկամներ, ընկերներ, եղբայրներ ու քույրեր ունենք: Ինչո՞ւ պետք է չգայինք, երբ սա մեր երկրորդ տունն է: Եթե մենք էլ փախչենք, ուրեմն ո՞վ պետք է մնա: Մենք որոշեցինք, որ պետք է գանք և ինչ էլ պատահի այստեղ լինենք և միգուցե ինչ-որ բանով կարողանայինք օգնել Հայաստանին կամ Արցախին:

Րաֆֆի Թարխանյան – Եվ նույնիսկ մեր ներկայությունը հիմա այստեղ արդեն շատ արձագանք է առաջացնում Լիբանանում, թե ինչպես ենք մենք քաջալերվել Հայաստան գալ: Մարդիկ պնդում են, որ Հայաստանը բարդ կացության մեջ է: Մենք չենք կարող այդպես մտածել: Պետք է բացասականը մի կողմ դնել և մեծացնել դրականի շրջանակը: Սա է մեր նպատակը: Այսպես եղել է և այսպես էլ կշարունակվի:

Վիգեն Թարխանյան – Մի քանի օր առաջ Լիբանանից թղթակիցների հանդիպեցինք այստեղ: Հարցրեցինք, թե ինչ կարծիք ունեն Հայաստանի մասին: Նրանք շատ խանդավառ էին և մեծ մասը մտադրված էին վերադառնալ իրենց բարեկամների հետ, որպեսզի ցույց տան, թե ինչքան գեղեցիկ է մեր երկիրը: Շատ լիբանանահայ բարեկամներ ունենք, որ ցանկանում են այցելել Հայաստան: Միայն պետք է գրավիչ ինչ-որ բան մտածել և առիթ ստեղծել: