Interview with Mr. Gagik Galstyan, Rector of NUACA, President of Builders' Union of Armenia

Հարցազրույց Հայաստանի շինարարների միության նախագահ, Ճարտարապետության ազգային համալսարանի ռեկտոր, «Հորիզոն-95» շինարարկան ընկերության գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանի հետ

 

«Շինարար» մասնագիտության առաքինությունները և Ձեր հիմնած շինարարական ընկերության իրականացրած ո՞ր կառույցները կցանկանայիք առանձնացնել:

Շինարարությունը ցանկացած երկրի տնտեսության առաջընթացը ապահովող կարևոր ճյուղն է, իսկ շինարարը՝ ստեղծագործող մասնագիտություն է, այնպես, ինչպես ճարտարապետը, նկարիչը, քանդակագործը կամ արվեստի այլ բնագավառի մասնագիտությունները: Շինարարի քրտնաջան աշխատանքի արդյունքում կառուցվում են շենքեր և շինություններ, հիմնվում և բարեկարգվում են քաղաքներ ու բնակավայրեր, ստեղծվում են բարեկեցիկ պայմաններ և միջավայր մարդկանց արարելու և  ստեղծագործելու համար:

Դժվար է առանձնացնել որևէ կառույց, որն իրականացվել է իմ ղեկավարած շինարարական ընկերության կողմից, չէ որ դրանցից յուրաքանչյուրը ծնունդ է յուրօրինակ ջանքերի և լավագույնը կերտելու մոտեցումների, որոնք տեղ են գրավում նույն ընտանիքի «հավասար անդամների» շարքերում՝ ինչպիսիք են Երևանի քաղաքապետարանը, Հյուսիսային պողոտայի բազմաբնակարան շենքերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Բաց խորանը, Մկրտարանը, Հրեշտակապետաց եկեղեցին, Ջերմուկ քաղաքի «Հայաթ» հյուրանոցային և առողջարանային համալիրի շենքը և շատ ուրիշներ:

 

Ինչպե՞ս կգնահատեք հայ շինարարի մրցունակությունը միջազգային հարթակում:

Հայ շինարարը և ճարտարապետը մի մարմին են և պատմականորեն զգալի ներդրում են ունեցել աշխարհի տարբեր երկրներում շինարարական արվեստի զարգացման գործում նախագծելով ու կառուցելով Եվրոպայում, Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Ասիական երկրներում և այլուր:

Ինչ վերաբերվում է այսօրվա հայ շինարարի և շինարարական ընկերությունների մրցունակության աստիճանին միջազգային հարթակում, ապա այն դեռևս բավարար չէ, սակայն, որպես Շինարարների միության նախագահ, կարող եմ հավաստիացնել, որ հայաստանյան մի շարք շինարարական կազմակերպություններ իրենց կադրային, մասնագիտական, տեխնոլոգիական և բազային հնարավորություններով ի զորու են ու մրցունակ իրականացնելու ցանկացած ծրագիր՝ թե առանձին, և թե միասնական ձևաչափով:  

                                         

Որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր ի՞նչ խնդիրներ եք տեսնում կրթական համակարգում:

Կրթությունը պետք է լինի որակյալ, մատչելի  և ամենակարևորը ծառայի իր նպատակին:  Ուսանողը պետք է նստի հարմարավետ, լուսավոր, տվյալ դասախոսությանը անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարանում, միայն դասախոսի ներկայացրած  և տրված առաջադրանքները բավարար չեն արդի  ուսանողի հետաքրքրությունները բավարարելու համար: Անհրաժեշտ են շատ գործնական պարապմունքներ, աշխատանքային  պրակտիկաներ, ներգրավվածություններ ինչպես հայաստանյան , այնպես էլ միջազգային նախագծերի: Մեր համալսարանն արդեն ընտրել է որակյալ և արդյունավետ կրթություն ապահովելու  այս ճանապարհը: 2015թ. Սեպտեմբեր ամսին, նոր ուսումնական տարում, մեր ուսանողների համար իրենց դռները կբացեն մի շարք տեխնիկապես վերազինված  լաբորատորիաներ և լսարաններ:

Տարեսկզբին մեր համալսարանը հայաստանյան և միջազգային տարբեր կառույցների և համալսարանների հետ կնքել է փոխհամագործակցության բազմաթիվ պայմանագրեր: Սա  օգնում է   ապագա մասնագետներին դեռ ուսանելու տարիներից արդեն մասնակիցը լինելու տարբեր աշխատանքների, նախագծերի, որը և  հետագայում կնպաստի աշխատաշուկայում իրենց ուրույն և արժանի  տեղը գրավելուն:

 

Պարոն Գալստյան, այս տարի կայանալու է ճարտարապետների և շինարար ճարտարագետների համահայկական 3-րդ համաժողովը, որի կազմակերպչական կոմիտեի կազմում եք նաև Դուք: Ի՞նչ ակնկալիքներ կան համաժողովից:

Ճարտարապետների  և ճարտարագետների 3-րդ համաժողովը ևս մի հարթակ է, որտեղ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խթանելու է ճարտարապետա-շինարարական կրթության, գիտության և արտադրության զարգացմանը: Համաժողովի շրջանակներում լսվելու են տարբեր մասնագիտական զեկույցներ, կազմակերպվելու են ցուցահանդեսներ, ընդլայնվելու են տեղեկատվական շրջանակները: Հանդիպումների և փորձի փոխանակման միջոցով կապեր կհաստատվեն մեր սփյուռքահայ գործընկերների հետ, որն ի վերջո կբերի գործնական հարաբերությունների զարգացման և մեր երկրում ներդրումային ծրագրերի ընդլայնման:

 

Պարոն Գալստյան, Դուք Հայաստանի շինարարների միության նախագահն եք, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համաալսարանի ռեկտորը: Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ Ձեր համագործակցությունը Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության հետ: Համագործակցության ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում:

Դեռևս 2006 թվականին կնքված եռակողմ հուշագրի շրջանակներում Հայաստանի շինարարների միությունը, Հայաստանի ճարտարապետների միությունը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մոտ 10 տարի իրականացնում են սերտ և բազմակողմանի համագործակցություն: Նախնական պայմանավորվածության համաձայն կընդունվի նմանատիպ քառակողմ համագործակցության հուշագիր, որում ներգրավվելու է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը:

Հուշագիրը նախատեսում է համատեղ ջանքերով ճարտարապետա-շինարարական կրթության, գիտության և արտադրության զարգացմանը միտված ծրագրերի կազմում և իրականացում, սոցիալական գործընկերության շրջանակներում ոլորտային խնդիրների լուծում, սփյուռքի մեր հայրենակից մասնագետների հետ համագործակցության ընդլայնում և փորձի փոխանակում:

Այս համագործակցության տեղեկատվական միջոցն է հանդիսանալու «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիրը, որը Հայաստանի շինարարների և ճարտարապետների միությունների կողմից թողարկվող ոլորտի միակ լրատվամիջոցն է, որի զարգացմանը, լրատվական հնարավորությունների ընդլայնմանն ու տարածմանը, կարծում եմ, կնպաստեն և սփյուռքահայ կառույցները և մասնագետները:

Վստահ եմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ընդլայնմանը միտված մեր բոլոր ձեռնարկումները աջակից կլինեն երկրում շինարարական տնտեսության զարգացմանն ու առաջընթացին: