Interview with Mr. Ashot Grigoryan, Doctor of Architecture, Professor, Founding-Director of the National Museum-Institute of Architecture

Հարցազրույց ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանի հետ

 

Ինչո՞ւ ընտրեցիք ճարտարապետի մասնագիտությունը:

Մասնագիտության ընտրությունը երկար նախապատմություն ունի և կապված է մի շարք գործոնների հետ: Նախ, ինչքան ես և ուրիշները հիշում ենք ինձ, ես միշտ նկարել եմ, և հետո միշտ ինչ-որ բան եմ հորինել, պատրաստել: Եվ այս կոնստրուկտորական մտածողությունը, ինչ-որ բան պատրաստելու հմտությունն ու նկարչական ունակությունը միաձուլված, թերևս ավելի մոտ էին ճարտարապետությանը: Այն տարիներին, երբ ես պետք է ընտրեի, թե որտեղ պետք է սովորել, ես իհարկե պետք է նախընտրեի գեղարվեստանախագծակոնստրուկտորական, կամ ինչպես այսօր է ընդունված ասել, դիզայներական մի ճյուղ, որն իմ ընդունվելու տարիներին գոյություն չուներ, իսկ քանի որ ճարտարապետությունը և՛ արվեստ է, և՛ նկարչություն, և՛ գիտություն, և՛ հնարանք, նախասիրությամբ ավելի մոտ էր ճարտարապետական մասնագիտությունը: Եվ անկեղծ ասած, չեմ ափսոսում, որ ընտրել եմ այս մասնագիտությունը:

 

Պարոն Գրիգորյան, Ձեր նախագծերից որո՞նք կցանկանայիք առանձնացնել:

 Սա, անշուշտ, ավելի բարդ հարց է, որովհետև ճարտարապետական կրթություն ստանալը ակնկալում է նախագծող ճարտարապետի աշխատանքային գործընթաց, բայց չի բացառում ճարտարապետական մասնագիտության մյուս բոլոր ճյուղերը, որոնց մեջ են նաև ճարտարապետական, հասարակական, կազմակերպչական, ուսումնական աշխատանքը կամ ադմինիստրատիվ աշխատանքը, ճարտարապետության պատմության, տեսության, քննադատության, վերլուծական հարցերով զբաղվելը և ընդհանրապես ճարտարապետության լայն հասկացության ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալելը: Այս պարագայում ես ինձ չեմ համարում զուտ նախագծող ճարտարապետ, որովհետև իմ գործունեության մեջ զուգահեռվել են մշակութաբանության մի շարք ճյուղեր, և նախագծելը չի եղել միակը: Դա կապված է եղել նաև աշխատանքային գործունեության սկզբնական շրջանի հետ, որը պայմանավորված էր մի շարք այլ գործոններով: Օրինակ հիմա, երևի ոչ ակտուալ է, բայց 1970-ներին, երբ ես պատրաստվում էի ավարտել ճարտարապետական ֆակուլտետը, Հայաստանում սկսվեց մի նմանը չունեցող, հսկայական շինարարություն, որը հայտարարվեց համախորհրդային փորձարարական կառույց և ամբողջ Խորհրդային Միությունից մասնագետներ պետք է հավաքվեին և կառուցեին ոչ ավել, ոչ պակաս, սեյսմիկ ռիսկի գոտում գտնվող Հայաստանի ատոմակայանը: Պարզվեց, որ այնտեղ հարկավոր է նաև ճարտարապետ ունենալ: Եվ երիտասարդ անփորձ մեկին՝ ինձ երաշխավորեցին գնալ այնտեղ: Դա ճարտարապետության մեջ մի ճյուղ է, որը կոչվում է արդյունաբերական ճարտարապետություն և, ընդհանրապես, շատ բարդ ճյուղ է ատոմակայանը, քանի որ Հայաստանում ոչ´ նախագծման, ոչ´ շահագործման փորձը չկար: Եվ այսպես, ճարտարապետական նախագծի իրականացման հսկողության, ինտերիեր, էքստերիերի ձևավորման ճարտարապետական փոքր ձևերի նախագծման, բարեկարգման և այլ աշխատանքների իրականացման ամբողջ բարդույթն ընկավ այդ երիտասարդ ճարտարապետի վրա, որը բնականաբար չէր կարող միայն նախագծմամբ զբաղվել:

Ատոմակայանի և Մեծամոր ավանի նախագծային աշխատանքներին հայաստանյան կազմակերպությունների հետ միասին մասնակցում էին նաև Մոսկվա և Գորկի քաղաքների նախագծային խոշոր կազմակերպությունները, և այս երեք օղակների գործունեությունը պետք էր համադրել, համաձայնեցնել, զբաղվել նախագծաշինարարական աշխատանքների  իրականացման հսկողության, շինարարությունը բարձրորակ ավարտին հասցնելու խնդիրների լուծմամբ, ինչպես նաև համալիրի գեղագիտական կերպարի ստեղծման խնդիրներով:

Բայց հետաքրքիրն ինչ է, որ իհարկե ես նախագծել եմ և նախագծում եմ մինչև այսօր, սակայն գործի բերումով դա ավելի քիչ ժամանակ է խլում իմ ընդհանուր գործունեությունից: Վերջին ժամանակաշրջանում ես հատկապես կենտրոնանացել եմ մեմորիալ կառույցների և ճարտարապետական փոքր ձևերի նախագծման ու իրականացման վրա: Ինձ համար շատ հետաքրքիր էր, օրինակ, այն նախագիծը, որը կապված է մեր հայտնի մտավորական վաղամեռիկ Հրանտ Դինքի հիշատակի հետ: Մենք նրա հետ համագործակցել ենք երկար տարիներ պոլսահայ, ապա թուրքահայ ճարտարապետներին բացահայտելու գործով:  Առաջին քայլերը մենք սկսեցինք Հրանտ Դինքի հետ և, երբ մի չարաբաստիկ օր ինձ հասավ նրա սպանության գույժը, ես ինքնաբուխ ձեռնամուխ եղա նրան նվիրված հուշարձանի նախագծմանը, որն ընդունվեց իր հարազատների կողմից և այժմ իրականացված է Ստամբուլում: Հրանդ Դինքի և Պոլսահայ այլ մտավորականների օգնությամբ ինձ հաջողվեց ծանոթանալ շատ հայ ճարտարապետների հետ: Եթե նախկինում մենք գիտեինք միայն Բալյանների ճարտարապետական ընտանիքի մասին, այսօր ավելի քան 150 պոլսահայ ճարտարապետի արխիվ ունենք: Ես առանձնապես հակված չեմ նախագծերը առանձնացնելուն, որովհետև դա ստեղծագործական գործընթաց է: Այն, ինչը այսօր թվում է կարևոր, գտնված կամ ավարտված հորինվածք վաղը, գոնե ինձ համար, կարող է այլ կերպ ընկալվել, միշտ ավելի կատարյալին հասնելու միտումով: Անշուշտ, ամեն նախագիծ յուրովի կարևոր է, քանի որ նախագիծը հենց այնպես չի ծնվում: Այնտեղ դրվում է ինչ-որ նպատակ, ոգի, ցանկություն և յուրաքանչյուրը ունի իր խորհուրդը: Ճարտարապետական նախագծումը ստեղծագործական հիմք ունի, իսկ ստեղծագործել ինձ համար նշանակում է նաև նկարել, գրել, ուսումնասիրել , միշտ գտնվել ստեղծագործական փնտրտուքի մեջ: Օրինակ՝ իմ գրաֆիկական ստեղծագործությունները ցուցադրվել են Երևանում, Փարիզում, ԱՄՆ-ում, Կանադայում և ես դրանք չէի ցանկանա առանձնացնել իմ նախագծային գործընթացից:

 

Ինչպե՞ս կգնահատեք հայկական ճարտարապետությունը համաշխարհային ճարտարապետական հարթակում:

Այս հարցը շատ հետաքրքիր և բազմաճյուղ է: Կարևոր է, թե որ ժամանակաշրջանները պետք է ընդգծել, որովհետև հարցն այնպես է հնչում, կարծես ներկա ժամանակաշրջանի մասին է միայն խոսքը: Սակայն, քանի որ իմ գործունեության մի մասը նաև պատմատեսական խնդիրներին հետամուտ լինելն է, ես այս հարցն ինձ համար սկսել եմ պարզել և հետազոտել առնվազն ք.ա. տասներկու հազար տարվանից, որովհետև պարզվում է, որ հայ-շումերական, հայ-հիթիթական, հայ-հունական, հայ-եգիպտական, հայ-հռոմեական, հայ-վերածննդի, ռոմանական, գոթական շրջանների և մինչև մեր օրերի ճարտարապետական առնչություններում <<հայկական հետքի>> փնտրման և ուսումնասիրման խնդիրներ միշտ եղել են ու կան: Եվ հայկական ճարտարապետական մտքի ազդեցությունը որոշակիորեն մենք տեսնում ենք քարի դարից սկսած բոլոր մշակութային շերտերում, թե´ հայկական լեռնաշխարհում, և թե´ նրան հարակից տարածքներում: Այլ բան է, որ դրանք պակաս են ուսումնասիրված, շատ վատ են հանրահռչակվում, այլ բան է, որ մենք պատմական անցքերի բերումով կորցրել ենք մեր բնօրրանի, հայկական լեռնաշխարհի, համընդհանուր ընկալումը նաև մշակութաբանական և ճարտարապետական առումով, և շատ հաճախ ինքներս էլ չենք գիտակցում կամ հավատում, որ այդ աղդեցությունները եղել են և կան: Բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում նաև մեր թանգարանի կողմից արված, ինչպիսին է վաղամեռիկ Արմեն Զարյանի նշանավոր հետազոտությունը` «Լեոնարդո Դա Վինչիի հայկական վարկածը», որտեղ հեղինակը միանշանակ նշում է, և մենք էլ պաշտպանում ենք այդ թեզը, որ իտալական  ռոմանաիկան, վերածննդի ճարտարապետության հիմքում պետք է տեսնել հայկական 7-րդ դարի ճարտարապետական մի շարք սկզբունքներ, որոնք որպես ժամանակի առաջադեմ ճարտարապետական սկզբունքներ չէին կարող չտեղափոխվել Եվրոպա, մասնավորապես` Իտալիա: Սակայն հայ իտալական, հայ հռոմեական ճարտարապետական կապերը պետք է սկսել էտրուսական մշակույթի հետ զուգահեռներ տանելով, ինչպես որ հայ հունականը՝ Կրետե Միկենյանի հետ կամ ավելի խորը գնալով հասնել Հայ Միջագետքյան մշակութային շերտերին և այլն: Իսկ եթե խնդրին մոտենանաք ընդհանրապես խորհրդաբանական մտածողության տեսանկյունից, որպես բնափիլիսոփայական ընկալումների արդյունք և հետևանք և դրանում փնտրենք ճարտարապետական հորինվածքային նախատիպերի առաջացման հիմքերը, ապա հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության և մասնավորապես ճարտարապետության և համաշխարհային մշակութային ժառանգության հիմնախնդիրները բոլորովին նոր լույսի տակ կշողան: Այնպես որ, այդ կապերը կան, այսօր էլ կան և կա մի զարմանալի իրողություն՝ այսօր աշխարհում գրեթե չկա մի երկիր, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող հայ ճարտարապետ-շինարարները որևէ կառույց իրականացրած չլինեն: Սա արդեն հետազոտության նոր հնարավորություն և փուլ է, ինչին ձեռնամուխ է եղել ճարտարապետության ազգային թանագարան ինստիտուտը իր համեստ գիտական աշխատակազմով:

 

Ինչպե՞ս հիմնեցիք Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:

Խորհրդային ժամանակաշրջանում՝ 1970-ականներին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը սկսեցին կազմակերպվել երիտասարդ ստեղծագործողների հավաքներ: Այդ ժամանակաշրջանում Խորհրդային Միությունում շատ տարածված էր, որ մեծ քաղաքներում կամ մայրաքաղաքներում սոցիալիզմի կամ կոմունիզմի գործունեությունը հետազոտող գիտահետազոտական ինստիտուտներ և նաև Լենինի անվան թանգարաններ կառուցելը: Եվ այս հավաքներից հերթականի  ժամանակ ես շոշափեցի այն հարցը, որ եթե ամեն տեղ կարող են լինել նման թանգարաններ, ապա ինչո՞ւ Հայաստանում չի կարող լինել ճարտարապետության թանգարան՝ ունենալով այսպիսի հզոր հազարամյա ճարտարապետական ժառանգություն: Դա իհարկե երիտասարդների կողմից  ցնծությամբ ընդունվեց, եղան նաև տարակուսողներ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, եթե ամբողջ խորհրդային երկիրը որոշել է Լենինի անվան թանգարան կառուցել, ինչպես թե այստեղ այլ առաջարկ է արվում, ինչպես կարելի է և այլն: Գործընթացը շարունակվեց ամենատարբեր ձևերով մինչև տխրահռչակ Սպիտակի երկրաշարժը: Երկրաշարժից մի քանի ամիս առաջ ես հատուկ գործուղման մեկնեցի` հետազոտելու և պարզելու թե Խորհրդային Միության տարածքում ճարտարապետական կամ ճարտարապետությանը մոտ ինչպիսի թանգարաններ կան, ինչպես են գործում: Ուսումնասիրվեց Վրաստանի, Ուկրաինայի, Մերձբալթյան հանրապետությունների և վերջապես Մոսկվայի փորձը, իսկ հիմնական թանգարանը Մոսկվայի Շուսևի անվան թանգարանն էր: Որոշվեց, որ առավել նպատակահարմար է, որպեսզի հայաստանյան ճարտարապետության թանգարանը լինի Մոսկվայի Շուսևի անվան թանգարանի մասնաճյուղը: Մենք շատ գործնական և իրականանալի արձանագրություն կազմեցինք, որը հաստատվեց, ստորագրվեց և այն պահին, երբ ինձ հանձնում էին այդ փաստաթուղթը, որի հիման վրա արդեն ստեղծվելու էր Շուսևի անվան թանգարանի Երևանյան մասնաճյուղը, հանկարծ թանգարանի տնօրենի աշխատասենյակում մի զանգ հնչեց և պարզվեց է, որ Հայաստանում երկրաշարժ է եղել: Այսինքն ճիշտ երկրաշարժի օրը ստորագրվել է թանգարանի՝ որպես մասնաճյուղ ստեղծման փաստաթուղթը: Բնականաբար, երկրաշարժ էր եղել և թանգարանի մասին խոսք չէր կարող լինել: Ամբողջ ազգությամբ և աշխարհով մեկ մենք աղետի գոտու խնդիրներով էինք զբաղված և միայն 1990թվականին հաջողվեց ստանալ թանգարանի ստեղծման և ինձ որպես հիմնադիր տնօրեն նշանակելու հրամանը: ԽՍՀՄ-ը քայքայվում էր և արդեն մասնաճյուղի մասին չէր խոսքը: Այսպես ստեղծվեց Հայաստանի ճարտարապետության թանգարանը, հետագայում` թանգարան-ինստիտուտ: Այն ժամանակ ճարտարապետական արխիվ ասվածը մենք չունեինք, բայց կար հստակ խնդիր, որ ճարտարապետության թանգարանը պետք է զբաղվի անկախ բնակության վայրից բոլոր հայ ճարտարապետների ստեղծագործությունների վերաբերյալ արխիվային նյութերի հավաքագրումով, հետազոտումով, պահպանումով և հանրահռչակումով: Եվ, փաստորեն, այս 25 տարիների ընթացքում մեզ հաջողվեց ստեղծել այդ կենտրոնը, որն ունի թե´ հայաստանյան, թե´ արտերկրյա ճարտարապետների հսկայական արխիվ, կազմակերպել է բազմաթիվ ցուցադրություններ, այդ թվում (Իտալիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Սլովակիայում և այլուր), ունի բազմաթիվ հրատարակություններ: Թանգարանի գիտաշխատողները ելույթներ են ունենում  Հանրապետական և միջազգային գիտաժողովներում, հանդես գալիս զեկուցումներով, ԶԼՄ-ներում ներկայացնում հայ ճարտարապետությունը և ճարտարապետներին, կազմակերպում գիտաժողովներ: Վերջապես ստեղծվել է մի մշակութային օղակ, որը գործում է և դարձել է ճարտարապետական մտքի, պատմության, տեսության, հետազոտության մի ինքնատիպ կենտրոն: Անելիքները շատ են, բայց կարծես թե թանգարանի ստեղծումով այս բոլոր ուղղությունների հիմնաքարերն են դրվել, որ հետագայում սերունդները կարողանան շարունակել:

 

Անցյալ տարի կայացավ համահայկական ճարտարապետական Բիենալեն Երևանում: Ո՞ւմ նախաձեռնությամբ կազմակերպվեց ցուցահանդեսը: Արդյո՞ք արդարացվեցին կազմակերպիչների սպասումները: Արդյո՞ք շարունակական է լինելու և ի՞նչ ակնկալիքներ կան ապագայի վերաբերյալ:  

Մինչ համահայկականի կազմակերպելը մեզ մոտ մի շարք թեմատիկ ցուցահանդեսներ կազմակերպեցինք: Հետո հրավիրեցինք նաև արտերկրի հայ ճարտարապետներին: Առաջին փորձերը կայացան և մենք մասնակիցներ ունեցանք Կանադայից, Ֆրանսիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Հետագայում, երբ սկսեցինք մասնակցել նաև արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին, ինչպես օրինակ վենետիկյան ճարտարապետական բիենալեներն են, պարզվեց, որ դրանք մրցույթ-ցուցահանդեսներ են, կարծես թե հաշվետու ցուցահանդեսներ այն մասին, թե ամեն տարի կամ երկու տարին մեկ ինչ է կատարվում ճարտարվեստի բնագավառում աշխարհում: Անշուշտ դրա կարիքը մենք ևս ունեինք և ծնվեց «Տարվա նախագիծ և կառույց» ծրագիրը, որն անմիջապես ընդունեց ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը: Երկրորդ քայլով մենք որոշեցինք ներգրավել նաև արտերկրի հայ ճարտարապետներին և կազմակերպվեց համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես, որն անվանվեց «Երևանյան ճարտարապետական բիենալե» կամ «Երևանյան բիենալե»: Դարձյալ Քաղաքաշինության  նախարարությունն կարևորեց այս նախաձեռնությունը և 2014թ.-ին մենք երկրորդ մրցույթ-ցուցահանդեսը կազմակերպեցինք, որի կատալոգը շուտով լույս կտեսնի: Պարզվեց, որ յուրաքանչուր անգամ մենք ոչ պակաս, քան 12 երկրներից մասնակիցներ ենք ունենում: Կարծում եմ, որ կազմակերպչական առավել արդյունավետ աշխատելաձևերը որդեգրելու և ֆինանսական ճկուն միջոցներ կիրառելու դեպքում կարելի է ավելի շատ մասնակիցներ ունենալ և առվել հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել: Մյուս կողմից, արտերկրի հայ ճարտարապետը պետք է իմանա, թե Հայաստան գալը իրեն ինչ է տալու, որովհետը աշխարհում բազմաթիվ ցուցահանդեսներ և մրցույթներ կան, որոնք իրենց բերում են ուղղակի բիզնես ծրագրի իրականացում: Նշանակում է` մենք նաև պետք է սովորենք հրավիրելու շահագրգիռ ձևը: Առայժմ գալիս են, որովհետև նախաձեռնությունը հայրենիքից է և հայրենիքում ցուցադրվելը և  պարգևներ ստանալը իրենց համար կարևոր է: Իհարկե մենք էլ ենք սովորում, համեմատում, փորձում համագործակցության եզրեր գտնել:  Ընդհանրապես կապը շատ կարևոր է, որովհետև դրսի ճարտարապետի Հայաստան գալը նշանակում է, որ իր հետ գալիս է նոր տեղեկատվություն, նոր գիտելիք և պետք է փորձ ունենալ այդ գիտելիքը ընդունելու, ուսումնական, գիտական, գործնական և նաև մշակութաբանական ծրագրերում ներառելու համար: Ամփոփելով կարելի է ասել, որ երևանյան ճարտարապետական բիենալեներն այնքան պետք է ծավալվեն, որ դառնան առանձին, ինքնուրույն օղակ, ընդհուպ մինչև անկախ լինելը որևէ պետական կառույցից և նմանվեն համաշխարհային նմանատիպ կառույցների, որոնց հիմնական նպատակը զուտ մասնագիտական ներուժի համախմբումն ու հանրահռչակումն է:          

Այս ձևաչափով համախմբվելը կնշանակի համախմբել ողջ հայ ճարտարավեստի միտքն ու գերծնականը, ի շահ Հայաստանի Ճարտարապետաքաղաքաշինական իրավիճակի բարելավման, աշխարհում հայ ճարտարվեստի ձեռքբերումների տարածման և նոր համագործակցության եզրեր գտնելու խթանմանը:

 

Պարոն Գրիգորյան, արդոք եղե՞լ են բացահայտումներ Բիենալեի շրջանակներում: Այսինքն շնորհաշատ ճարտարապետների, որոնց մասին, երբևէ չէինք լսել:

Իհարկե, եղել են: Ինչպես Բիեննալեների, այնպես էլ թանգարանի արխիվի համալրման ընթացքում շատ բացահայտումներ են եղել: Եթե մենք թերթենք խորհրդային ժամանակի հրատարակությունները ուսումնասիրենք, այնտեղ կարող ենք տեսնել պետական մարմինների, հասարակական գործիչների, մշակույթի, այլ ոլորտների մասնագետների անուններ, այդ թվում արտերկրի հայ մասնագետների, սակայն շատ դեպքերում ճարտարապետի անուն ընդհանրապես չենք գտնեի կամ մեկ, երկու անուն: Իրականում արտերկրում հարյուրավոր ճարտարապետներ ենք ունեցել, և այսօր էլ կան, որոնց գրեթե չենք ճանաչում, նույնիսկ մեր թանգարանի կազմած ցուցակները դարձյալ վերջնական չեն: Այսինքն, վերջին հարյուրամյակում խոշոր հայկական գաղթօջախներում մենք ունեցել ենք տասնյակ ճարտարապետներ, որոնց գործունեության մասին ոչինչ չգիտեինք: Բացահայտումների առաջին խումբը կարելի է համարել, այն որ ունեցել ենք պալատական կամ պետական ճարտարապետներ: Ունեցել  ենք ճարտարապետներ, ովքեր զբաղվել են շինանյութերի և շենտեխնոլոգիաների արտադրանքով, կազմակերպել և իրականացրել են խոշոր շինարարական աշխատանքներ, նրանց են վստահվել եզակի կառույցների իրականացումներ, այդ թվում նաև այդ երկրի համար ռազմավարական նշանակության կառույցներ: Եղել են այնպիսի ճարտարապետներ, ովքեր տվյալ երկրի մշակույթում մեծ դեր են խաղացել, զբաղվել են ոչ միայն ճարտարապետությամբ, այլ զուգահեռաբար հանդես եկել, որպես նկարիչներ, հասարակական գործիչներ և այլն, ճարտարապետներ, ովքեր մեծ ներդրում են ունեցել տվյալ երկրի հայ համայնքային գործունեության մեջ և համայնքապատկան կառույցներ են նախագծել, ճարտարապետներ, ովքեր տարբեր ոլորտներում փորձել են համագործակցել Հայաստանի հետ, ճարտարապետներ, ճարտարապետներ, ովքեր փոխել են դավանանքը և կառուցել են իսլամական պաշտամունքային կառույցներ: Սա նույնպես հետաքրքիր մի ճյուղ է, որտեղ անծայրածիր անելիքներ կան:

 

Արդյոք կա՞ որևէ համակարգված նյութ այս պահի դրությամբ:

Իհարկե կա: Թանգարանի արխիվ-պահոցում ստեղծվել են հայ ճարտարապետների ստեղծագործական ժառանգությունը ամփմող անվանական արխիվներ (այդ թվում և արտերկրի հայ ճարտարապետների), որոնց մի մասը ուսումնասիրված է: Ուսումնասիրություններ անշուշտ շարունակվում են և ըստ մեր կանխատեսումների արդյունքում հնարավոր կլինի հրատարակել շուրջ 27 հատորանոց մատենաշար, այդ թվում՝ «Արտերկրի հայ ճարտարապետներ» ընդհանուր խորագրով: Թանգարանի արխիվ-պահոցից և գրադարանից օգտվում են ամենատարբեր մասնագետներ և ճարտարապետությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր անձ, այդ թվում համապատասխան նախարարությունների աշխատակիցներ: Թանգարանը համագործակցում է Հայաստանի և արտերկրի նմանատիպ (ճարտարապետական արվեստանոցներ, ուսումնական հաստատություններ, թանգարաններ և այլն) կառույցների և անհատների հետ, ինչպես նաև Հայաստանի Մշակույթի, Գիտության և կրթության, Սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև Երևանի Քաղաքապետարանի հետ:

 

Պարոն Գրիգորյան, այս տարի կայանալու է Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը, որի կազմակերպչական կոմիտեի կազմում եք նաև Դուք: Ի՞նչ ակնկալիքներ կան համաժողովից:

Իմ ակնկալիքը կարող է լինել միայն այն, որ, եթե համաժողովին մասնակցեն ճարտարապետներ, որոնց արդեն ճանաչում ենք և ճարտարապետներ որոնց հետ նոր պետք է ծանոթանանք, ապա մեր արխիվը կհարստացնենք նոր նյութերով և կսկսենք համատեղ համագործակցություն: Ամեն դեպքում համաժողովը կարևոր է: Պետք է հավաքվել, ի մի բերել ունեցածը, ծրագրել ապագա անելիքները: Եվ միգուցե համատեղ նոր առաջարկությունների արդյունքում եզրագծվեն նոր հեռանկարային ծրագրեր: Ես մի բան գիտեմ՝ աշխարհի բոլոր հայ ճարտարապետները ցանկանում են Հայաստանի հետ համագործակցել,  ցանկանում են միմյանց ճանաչել, բոլորը պատրաստակամ են և ունեն ճիշտ տեղեկատվություն ստանալու, փոխվստահության  պակասի խնդիրներ, որովհետև տարբեր պատճառներով մարդիկ ինչ-որ տեղ հուսալքված են, խաբված, ինչ-որ տեղ կասկածում են և նրանց պետք է պարզ ճակատով բերել համագործակցության դաշտ: Թե ինչպե՞ս, ցույց կտա համաժողովը:

 

Ինչպիսի՞ տեսլական ունեք Հայաստան-Սփյուռք համագործակցության մասով ճարտարապետության տեսանկյունից:

Ակնկալիքս այն է, որ աշխարհի հայ ճարտարապետները պետք է նախ լավ իմանան, սովորեն և խոսեն հայերեն, ինչպես նաև արևելահայերեն, որովհետև նոր սերունդը ցավոք չգիտի կամ լավ գիտի հայերեն, իսկ ավագ սերունդը գիտի միայն մաշտոցյան հայերենը, որը հայաստանցի հայերը ցավոք չգիտեն։ Մենք էլ պիտի սովորենք Մաշտոցյան հայերենը: Արտերկրի ճարտարապետը մի քանի լեզու գիտի, միջազգային օրենքներ, կարգ ու կանոն, իսկ տեղի ճարտարապետները դեռ շարունակում են <<մնալ>> խորհրդային մտածողության շրջանակներում (խոսքս իհարկե բոլորի և հատկապես երիտասարդների մասին չէ): Համագործակցության համար համաշխարհային տեղեկատվության դաշտի ուսումնասիրություն ու իմացություն է անհրաժեշտ, սկսած մասնագիտական, նորմատիվ փաստաթղթային, օրենսդրական դաշտի իմացությունից, որի արդյունքում հաստատ կծնվի համատեղ ստեղծագործական գործընթաց: Մյուս կողմից, եթե այս գործունեությունը չհիմնավորվի պատմատեսական և հայ բուն ճարտարապետության որակների գնահատման, ընդունման տեսակետից, նշանակում է Հայաստանը շատ արագ կարող է դառնալ տարբեր ճարտարապետական ոճեր ներկրող մի պետություն, ինչպես մենք հիմա ենք նկատում, որտեղ իսպառ կվերանա ազգային ավանդական ճարտարապետությունը, հայեցի մտածողությունը: Որպեսզի սա չլինի, այս համագործակցությունը պետք է շատ ավելի լուրջ հիմքերի վրա դրվի և իրականացվի: Մենք ունենք խոշոր մասնագետներ, որոնց պետք է հրավիրել վարպետաց դասերի, բայց ոչ թե սիրողական մակարդակով, այլ հավաստագրված, ուստի հարկավոր կլինի կազմակերպել հավաստագրված  հետբուհական կրթություն, որը հսկայական աշխատանք է, հեռանկարային և ազգային վերածննդի ապահովման ծրագրի գրավական: