Interview with Armen Minassian, Architect

Ինչո՞ւ ընտրեցիք ճարտարապետի մասնագիտությունը:

Հայրս, որին կորցրել եմ տասնչորս տարեկանում ճարտարապետ էր: Շատ էի սիրում իրեն: Ատում էի ցանկացած երևույթ, ինչն ինձ հիշեցնում էր հորս և նրա կորուստը, այդ թվում նաև «ճարտարապետությունը»: Շատ էի ուզում ֆիզիկոս դառնալ: 1988թ.-ին, երբ Իրան-Իրաքյան պատերազմի թեժ ու վերջին տարին էր, ավարտեցի ֆիզմաթ թեքումով դպրոցը, բայց համալսարան չընդունվեցի և ստիպված մեկնեցի բանակ, ծառայության: Այդ ընթացքում պատահաբար ծանոթացա ժամկետային զինծառայող սպա` իրանցի ճարտարապետի հետ: Նա տեսնելով իմ ձեռագիրը և նկարած գծանկարները, խորհուրդ տվեց,  կամ ավելի ճիշտ ստիպեց գնալ  «այդ» մասնագիտությամբ: Հուսով եմ, որ ճիշտ է վարվել, ես գոնե մինչ այժմ չեմ ափսոսում դրա համար:

 

Ինչպե՞ս եք սկսել ճարտարապետի Ձեր գործունեությունը: Կարո՞ղ եք հիշել Ձեր առաջին նախագիծը:

Առաջին նախագիծս կատարել եմ ուսանողական տարիներին` հինգերորդ կուրսում: Դա Թեհրանում սեփական տան նախագիծ էր մի մեծահարուստ իրանցու համար:

 

Ինչպե՞ս կգնահատեք հայկական ճարտարապետությունը համաշխարհային ճարտարապետական հարթակում:

Պատմական հայկական ճարտարապետությունը իր անհերքելի և ուրույն ձեռագիրն ու դերն ունի աշխարհի հոգեմտավոր և մշակույթի խճապատկերում, դրա մասին ոչ մի խոսք… Բայց, եթե խոսքը ներկա ժամանակահատվածի  ճարտարապետության մասին է, ես կարծում եմ, որ ժամանակակից հայկական ճարտարապետություն գոյություն չունի: Համաշխարհային հարթակում ոչ մի պատկերացում չկա ժամանակակից հայկական ճարտարապետության մասին: Նախկինում եղել են ազգային ճարտարապետություններ, բայց վաղուց ի վեր դա` իր այդ ձևով անցել է պատմության գիրկը, մի փորձեք այն շիրիմից հանել, թողեք ննջի խաղաղությամբ:

Նախորդ դարաշրջանի սկզբին եղել են հայ ճարտարապետներ, որոնք մեծ համբավ և առաջատար դեր են ունեցել համաշխարհային ճարտարապետության զարգացման մեջ: Դժբախտաբար խորհրդային և հետ խորհրդային Հայաստանը այդ մասին տեղյակ չէ: Մի օրինակ` 1928թ.-ին Շվեյցարիայի “La Sarraz” ամրոցում տեղի ունեցած Մոդերն ճարտարապետների առաջին համագումարին` (CIAM, Congrès International d'Architecture Moderne), որտեղ մասնակցել են Լե Կորբյուզիեն (Le Corbusier), Զիգֆրիդ Գիդեոնը (Siegfried Gideon)  մասնակցել են նաև երկու իրանահայ` ճարտարապետ Գաբրիել Գևրեկյանը, որպես համագումարի գլխավոր քարտուղար և Քրիստափոր Թադեոսյանը, որպես լրագրող, որն այն ժամանակ ճարտարապետության ուսանող էր Ժնևում, բայց ոչ ոք չգիտի այդ մասին…

Մենք մեր ճարտարապետական ուրույն ձեռագիրը և դպրոցը ունեցել ենք, բայց խոսքը պատմական հայկական ճարտարապետության մասին է: Այսինքն, այն ճարտարապետության, որն ուսումնասիրել է Թորամանյանը, Մառը, որի մասին արժանագույնս արտահայտվել է Ստրժիգովսկին…

Խորհրդային  Հայաստանում հասարակական ճարտարապետության մեջ ստեղծվեց հետաքրքիր ոճ, որն ինչ որ նշույլ էր, բայց չգոյատևեց և սահմաններից դուրս չեկավ, ինչպես օրինակ շարժարվեստում սահմաններն հատեցին Փարաջանովի և Փելեշյանի գործերը…

Ազգայինը գալիս է շատ խորքից… ինչպես Կոմիտասի երաժշտությունը… Մենք դրան համապատասխան ճարտարապետություն ունե՞նք արդյոք: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ոչ… Ժամանակակից հայկական ճարտարապետություն գոյություն չունի, բայց դա չի նշանակում, որ չի կարող գոյություն ունենալ…

 

Ի՞նչ հիմնական բացեր ունի հայաստանյան ներկայիս ճարտարապետական միջավայրը:

Շատ բան է բաց: Ասածս մեղադրանք չէ, այլ խոստովանանք… Նման է ճարտարապետություն առանց ճարտարապետի… Նախ ամեն ինչ գալիս է հստակ ապրելակերպ, կենտրոնացում, աշխարհայացք և ոճ չունենալուց: Եթե դու կերպար չունես,  հստակ պատկերացում և գաղափար չունես, չես կարող ևս ճարտարապետություն ունենալ: Ի դեպ դա միայն ճարտարապետությանը չի վերաբերում, մենք դժբախտաբար շատ ասպարեզներում ենք կորցրել մեր ազգային դիմագիծը…

Մենք պիտի աշխատենք երկու ճակատում, թե´ հոգևոր, և թե օրինական դաշտերում: Հոգևորն անհատական է և «բարդ ճանապարհ», իսկ օրինական դաշտում փառք Աստծո, որ այս պահին քաղաքաշինության նախարար` Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվում է «Ճարտարապետության մասին օրենք», որը շատ անհրաժեշտ է և փոխշահավետ հասարակության և ճարտարապետների համար:

 

Ունենալով քրիստոնեական հիմք՝ մենք շրջապատված ենք մի կողմից մուսուլմանական երկրներով, մյուս կողմից Վրաստան և Ռուսաստան և միգուցե դա խանգարո՞ւմ է:

Ոչ, դա հարևան երկրների հավատքի և դավանանքի հարց չէ, խնդիրը մեր մեջ է` մեր խորքում, որովհետև մենք ոչ ճանաչում ենք մեր արմատները, և այս սրընթաց կյանքի ընթացքում կարծես չենք էլ ուզում ճանաչել: Մենք միայն կառչած ենք լոկ «ադաթներից», այն էլ միայն կենցաղային մակարդակի. շփոթելով այն ազգային և հոգևոր ճշգրիտ արմատների հետ: Ինչպես Պարույր Սևակն է ասել. «Նարեկ»՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել: Դա է խնդիրը…

Գոյություն ունի մեծ հոգևոր անջրպետ… Առանց հայկական ճարտարապետության խորքը թափանցելու և ճանաչելու և այնտեղից վեր հանելու իրականը, չի կարելի կեղծ ձևեր հորինել… Այդ գործը հայկական երաժշտության համար կատարեց Կոմիտասը:

 

Ձեր աշխատանքներից ո՞րն է Ձեզ ճիշտ արտացոլում:

Ոչ մեկն ամբողջովին, նախագծերից ամեն մեկում կան մասնիկներ ու գեներ… Հայաստանում` երևի  Արմենակ և Աննա Թադէոսեանների անվամբ բուժարանն է, որը նախագծել ենք ճարտարապետ Ալբերտ Աճեմյանի հետ միասին:

Անկեղծ ասած երբեք չեմ կարողանում վերջակետ դնել ու համարել նախագիծս կատարյալ, անընդհատ փնտրում եմ ինչ որ բան և լրացնում, շտկում մանրուքները… իհարկե դրանք միայն ու միայն ես եմ տեսնում և ապրում են իմ երևակայության մեջ: Կառուցվելուց հետո մի առ ժամանակ անց «ներում եմ ինքս ինձ …»:

 Հայաստանում իմ նախագծերի որոշ մասը եղել են գոյություն ունեցող շենքերի վերանախագծումներ և վերակառուցումներ: Այս դեպքում ստիպված ես փնտրել յուրահատուկ ու սահմանափակ լուծումներ, որոնք լիովին չեն արտացոլում քո վերաբերմունքը, երբ տվյալ նախագիծը կկատարեիր սկզբից: Դա նման է երեխա որդեգրելուն, ինչքան էլ քո ձևով դաստիարակես ու կրթես, միևնույնն է, քո գենը չէ… բայց մնում է «քո սիրելի երեխան»:

 

Պարոն Մինասեան, ե՞րբ և ինչպե՞ս հաստատվեցիք Հայաստանում և արդյո՞ք ունեցել եք խոչնդոտներ այդ ճանապարհին:

 1992-ից մինչև 1998 թվականը, ուսանել եմ Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում, միևնույն ժամանակ կինս ուսանում էր ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուլտետում: Ավարտելուց հետո վերադարձանք Իրան: Թեհրանում նախ որպես ճարտարապետ աշխատել եմ շատ  հեղինակավոր նախագծային ընկերություններում, հետո հիմնեցի իմ ճարտարապետական գրասենյակը և մինչև 2003 թվականը կատարել եմ բազմաթիվ մեծամասշտաբ նախագծեր: 2002 թվականի մարտին, «Թեհրան Համալսարանն Ավարտած Ճարտարապետների Կենտրոն»-ի և «Իրանի Մշակութային Ժառանգության Կազմակերպության» նախաձեռնությամբ , Թեհրանի «Գոլեստան Պալատում» (Golestan Palace, UNESCO World Heritage) կայացած «Երիտասարդ Ճարտարապետների Առաջին Փառատոն»-ում շահել եմ 2-րդ մրցանակը:

Հայաստանում հաստատվել ենք 2003թ.-ի օգոստոսի 23-ից: Տեղափոխվելու պատճառները տարբեր էին, խրախուսեցին կինս ու մայրս: Հայաստան վերադառնալու որոշումը մենք կայացրեցինք լավատեղյակ լինելով ու մասամբ տիրապետելով իրավիճակին… մի մոռացեք, որ մենք 90-ականների հայաստանյան փորձն արդեն ունեինք…

Շատ պարզ ասեմ, ես եկել եմ Հայաստան թափանցելու համար իմ էության խորքը… Սա իմ ճանապարհի մի մասն է: Այս տարիների ընթացքում որևէ ակնառու խոչընդոտի չեմ հանդիպել, որի համար, իհարկե, շնորհակալ եմ Աստծուն և իմ ժողովրդին, որ ընդունեցին մեզ:

 

Պարոն Մինասեան, խնդրում եմ, մի փոքր պատմեք Հայաստանում ծավալած Ձեր մասնագիտական փորձի մասին:

Երբ հաստատվեցինք Հայաստանում, 2004 թվականին, հիմնեցի «Փալիմփսեստ» նախագծային ընկերությունը և կատարեցի բազմաթիվ առանձնատների և ներքին հարդարման նախագծեր: 2007 թվականին համագործակցություն սկսեցի փորձառու ճարտարապետ` Ալբերտ Աճեմյանի հետ: Նա ավագ սերնդի հեղինակավոր ճարտարապետներից է և ես շատ մեծ հարգանք եմ տածում իր նկատմամբ:  

Համագործակցության սկիզբը եղավ Կոնդում բազմաֆունկցիոնալ համալիրի համատեղ նախագծման աշխատանքը, Բեյրութի «Խաթիբ և Ալ Ալամի» ընկերության հետ, որը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով չշարունակվեց: Հաջորդը Արմենակ և Աննա Թադէոսեանների անվամբ բուժարանն էր Կոշում, որի բարերարն է` պրն. Ռազմիկ Թադէոսեանը: Սա, իմ կարծիքով հաջող իրականացված նախագիծ է, շնորհիվ թիմային աշխատանքի: Հաջողությամբ իրականացվել են նաև «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցը Երևանի Այգեձոր փողոցում, Կոշ համայնքի մանկապարտեզը և բազմաթիվ այլ շինություններ:

2013 թվականին սկսեցի վերանախագծել Երևանում գոյություն ունեցող 4 հարկանի շենքը` դարձնելով 7 հարկանի, մոտավորապես 10,500 քմ.` հյուրանոցային համալիրը: Սեյսմիկ հետազոտության արդյունքում պարզվեց, որ շենքն ունի բավականին բարձր խոցելիության աստիճան և հարկավոր է լուրջ միջամտություն: Պատվիրատուն հիմնական շեշտը դրեց նախ ապահովել շենքի սեյսմիկ անվտանգությունը, որը բացառիկ և գնահատելի վերաբերմունք է նման մեծ մասշտաբներում… Բազմաթիվ տարբերակներ ուսումնասիրելուց հետո ընտրեցինք պրոֆ. Միքայել Մելքումյանի առաջարկած տարբերակը: Սեյսմամեկուսացման համակարգը ստեղծելու համար օգտագործվել են սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղական հենարաններ: Այս մեթոդը մեզ տվեց բազմաթիվ հնարավորություններ, ստանալ կիսանկուղային հարկ, որտեղ տեղավորեցի երեք լողավազաններ, և այլ հիմնական օժանդակ բաժիններ, նաև շենքին ավելացնել երկու լիարժեք հարկեր: Այս նախագիծը բավականին հետաքրքիր է և իր տեսակի մեջ եզակի:

 

Ձեր կարծիքով ի՞նչ է պակասում Հայաստան-սփյուռք կապի ամրապնդման համար: Ի՞նչ ակնկալիքներ և սպասումներ ունեն սփյուռքի մասնագետները հայրենիքից:

Շատ բան է պակասում... Մենք դեռևս միմյանց իրոք չենք ճանաչում և կարծես խորքում նման հակում էլ անգամ չկա... Ամենակարևորը համարում եմ սփյուռքի իրական ներուժի և ժառանգության, պատմական ու ներկայի ճշգրիտ գնահատումն ու իրազեկումը, որի մասին մեր հայրենակիցները բացարձակ տեղեկություն չունեն:

Պետք է ի հայտ բերել ու ճշգրիտ վերլուծել Հայաստան-Սփյուռք դրական և բացասական ազդեցությունները միմյանց վրա` զերծ մնալով զգացական և հուզական տարրերից:

Պետք է սիրես, որ ճանաչես ...